ՀՀ Օրենքներ

Աուդիտի նշանակությունը բիզնես միջավայրում.


Ապահովում է ընկերության ֆինանսական կայունության վերաբերյալ հստակ պատկերացում:

Նպաստում է բիզնեսի արժանահավատության բարձրացմանը:

Տրամադրում է օբյեկտիվ տեղեկատվություն որոշումներ կայացնելու համար:

Օգնում է բիզնեսներին համապատասխանել հարկային և ֆինանսական կարգավորումներին:

Աուդիտի նպատակները.


Հավաստիություն – Ապահովել, որ ֆինանսական հաշվետվությունները ճշգրիտ և անկողմնակալ են:

Համապատասխանություն – Նպաստել ՖՀՄՍ-ին համապատասխանությանը:

Ռիսկերի կառավարում – Հայտնաբերել հնարավոր ֆինանսական խարդախությունները և բացահայտել ռիսկերը:

Տվյալների վստահելիություն – Ստեղծել վստահություն ֆինանսական տեղեկատվության նկատմամբ թե՛ ներքին, թե՛ արտաքին շահագրգիռ կողմերի համար:

Աուդիտ. կարևորություն և նշանակություն.


Աուդիտը կազմակերպության ֆինանսական հաշվետվությունների անկախ գնահատման գործընթաց է, որն ուղղված է դրանց ճշգրտության, ամբողջականության և օրենսդրությանը համապատասխանության հաստատմանը: Այն կարևոր դեր է խաղում կազմակերպությունների թափանցիկության, վստահելիության և ներդրումային գրավչության ապահովման գործում:

ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ


Հոդված 16. Վարկային կազմակերպության աուդիտային ստուգումը

1. Յուրաքանչյուր տարի վարկային կազմակերպության գործունեությունն ստուգվում է աուդիտային գործունեություն իրականացնելու իրավունք ունեցող անկախ աուդիտային կազմակերպության կողմից, որին նշանակում է վարկային կազմակերպությունը:

2. Անկախ աուդիտային կազմակերպության եզրակացությունը վարկային կազմակերպությունը Կենտրոնական բանկ է ներկայացնում ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում:


Հոդված 17. Ֆինանսական հաշվետվությունների և աուդիտային եզրակացության հրապարակումը

1. Վարկային կազմակերպությունները պարտավոր են ֆինանսական տարվա ավարտից հետո՝ վեցամսյա ժամկետում, մամուլում հրապարակել իրենց տարեկան ֆինանսական հաշվետվությունները և աուդիտային եզրակացությունը:

2. Վարկային կազմակերպությունները պարտավոր են մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը հրապարակել իրենց եռամսյակային ֆինանսական հաշվետվությունները:

3. Վարկային կազմակերպությունները պարտավոր են պարբերաբար հրապարակել իրենց գործունեության վերաբերյալ տեղեկություններ՝ Կենտրոնական բանկի սահմանած կարգով և հաճախականությամբ:

Հայտարարություն` պարտադիր աուդիտի ենթակա կազմակերպությունների վերաբերյալ՝ 


2019 թվականի դեկտեմբերի 4-ին ընդունված «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի համաձայն` պարտադիր աուդիտի ենթակա են՝

1. hանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպությունները.

2. խոշոր կազմակերպությունները.

3. միջին կազմակերպությունները.

4. խումբը, որի մայր կազմակերպությունը հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն է.

5. խոշոր խմբերը.

6. միջին խմբերը:


Միաժամանակ, Օրենքի 27-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` աուդիտի ենթակա կազմակերպությունները և խմբերը (խմբի մայր կազմակերպությունը) պարտավոր են տարեկան ֆինանսական հաշվետվությունները հրապարակել միայն աուդիտի ենթարկվելուց հետո: Առանց աուդիտորական եզրակացության, ինչպես նաև ոչ ամբողջական կազմով (ֆինանսական հաշվետվությունների ամբող­ջական փաթեթը ներառում է ֆինանսական հաշվետվությունների բոլոր ձևերը, այդ թվում` ֆինանսական հաշվետվություններին կից ծանոթագրություն­ները) հրապարակված ֆինանսական հաշվետվությունները համարվում են ՉՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Հանրային հետաքրքրություն ներկայացնող կազմակերպություն՝ 

կազմակերպություն, որը՝

ա. Հայաստանի Հանրապետության տարածքում արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող է, բացառությամբ արժեթղթերի հրապարակային առաջարկ կատարող անձ կամ հաշվետու թողարկող հանդիսացող Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրոպական կենտրոնական բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, այլ միջազգային կազմակերպությունների, որոնց անդամակցում է Հայաստանի Հանրապետությունը, կամ

բ. բանկ է, վարկային կազմակերպություն, վճարահաշվարկային կազմակերպություն, ներդրումային ընկերություն, կարգավորվող շուկայի oպերատոր, կենտրոնական դեպոզիտարիա, ապահովագրական ընկերություն, վերաապահովագրական ընկերություն, ապահովագրական բրոքերային կազմակերպություն կամ ներդրումային ֆոնդի կառավարիչ.

Խոշոր կազմակերպություն՝

կազմակերպություն, որը հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ գերազանցել է հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ Հայաստանի Հանրապետության դրամ (այսուհետ՝ ՀՀ դրամ),

բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250.

Միջին կազմակերպություն՝

կազմակերպություն, որը փոքր կազմակերպություն կամ միկրոկազմակերպություն չէ և հաշվետու տարվա (որի համար պետք է կազմվեն ֆինանսական հաշվետվությունները) վերջի դրությամբ չի գերազանցել հետևյալ երեք ցուցանիշներից առնվազն երկուսը.

ա. ֆինանսական վիճակի մասին հաշվետվության (հաշվեկշռի) ընդհանուր գումարը՝ 10 միլիարդ ՀՀ դրամ,

բ. գործունեությունից հասույթը՝ 20 միլիարդ ՀՀ դրամ,

գ. վիճակագրական կոմիտեի սահմանած կարգով հաշվարկված՝ աշխատողների միջին տարեկան թիվը՝ 250.